Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզում ներկայացրել է տնտեսության զարգացման, խաղաղության և ներդրումային ծրագրերի իր տեսլականը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային այցերը՝ այս անգամ լինելով Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Մխչյանում, Այգեզարդում, Վերին Արտաշատում և Վերին Դվինում նա հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը և ներկայացրել իր մոտեցումները՝ գյուղատնտեսության, սոցիալական խնդիրների, անվտանգության, ներդրումային քաղաքականության և ազգային համերաշխության վերաբերյալ։

Այցի մեկնարկը տրվել է Մխչյան գյուղից։ «Հատուկ եկել եմ ձեզ լսելու, որ ոչ թե կաբինետներում նստած ծրագիր կազմեմ, այլ անձամբ ձեզնից լսեմ՝ որն է ձեր խնդիրը»,- ասել է նա բնակիչների հետ զրույցում։ Մխչյանցիները հիմնականում բարձրացրել են գյուղատնտեսական և վարչարարական խոչընդոտների հարցերը՝ մատնանշելով հողօգտագործման, ջերմոցաշինության, ջրի սակագների, պարարտանյութի, վառելիքի և իրացման դժվարությունները։

Ծառուկյանը շեշտել է, որ ոլորտների խնդիրները հնարավոր է լուծել միայն մասնագիտական կառավարման միջոցով։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր ոլորտում պետք է աշխատեն փորձառու և տվյալ բնագավառին տիրապետող մարդիկ, քանի որ միայն քաղաքական պատկանելությամբ պաշտոններ բաշխելը չի կարող արդյունք ապահովել։ Նա ընդգծել է, որ գյուղացին այսօր ոչ միայն սոցիալական ծանրության տակ է, այլ նաև իրականում երկրի անվտանգության կարևոր հենասյունն է՝ «սահման պահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է»։

Այցի ընթացքում Ծառուկյանը բազմիցս անդրադարձել է նաև տնտեսական զարգացման իր պատկերացումներին՝ պնդելով, որ բարեկեցության հիմքում պետք է լինեն խոշոր ներդրումային ծրագրերը, նոր աշխատատեղերը և վարկային բեռի թեթևացումը։ Նրա խոսքով՝ միայն փոքր և կարճաժամկետ նախաձեռնություններով տնտեսությունը չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել։ «Մարդիկ բարեկեցիկ կյանքով կապրեն, եթե տնտեսությունը զարգանա, դրա համար մեզ պետք են խոշոր ներդրումային ծրագրեր»,- նշել է նա։

Այգեզարդում և մյուս համայնքներում բնակիչները բարձրացրել են նաև ներքաղաքական ու արտաքին անվտանգության հարցեր։ Ծառուկյանն ասել է, որ Հայաստանը պետք է ձգտի «երաշխավորված խաղաղության», որը, նրա գնահատմամբ, պետք է հենված լինի ոչ թե միայն հայտարարությունների, այլ հստակ միջազգային մեխանիզմների վրա։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, որ չի ձգտում անձամբ վարչապետ դառնալ, այլ կողմ է այնպիսի ղեկավարի առաջադրմանը, որը կկարողանա լուծել երկրի առջև կանգնած խնդիրները։

Վերին Արտաշատում Ծառուկյանն այցելել է եկեղեցի, այնուհետև հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Այստեղ նա հանդիպել է նաև հերոսների ծնողների հետ՝ ընդգծելով, որ հանրությունը պարտավոր է գնահատել նրանց զոհողությունը և մշտապես լինել նրանց կողքին։ Այցի այս հատվածը ունեցել է ավելի ընդգծված հուզական և միավորող շեշտադրում։

Ծառուկյանի այցի մասին իմանալով՝ Վերին Դվինի բնակիչները որտեղ բնակվում է ասորի համայնքը, եկել էին Վերին Արտաշատ՝ նրան հրավիրելու աստորական նոր տարին միասին նշելու։ Հրավերն ընդունվեց։

Ծառուկյանը շնորհավորեց ասորիներին նոր տարվա առթիվ, կարևորել ազգային փոքրամասնությունների դերը Հայաստանում և ընդգծել, որ երկրի ապագան հնարավոր է կառուցել միայն համերաշխության, փոխադարձ հարգանքի և միասնականության պայմաններում։ Նա նաև խոստացել է ասորի համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպել այցելություն Հատիսի գագաթ՝ մասնակցելու Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հետ կապված նախաձեռնությանը։

Արարատի մարզ կատարած այցի ամբողջ ընթացքում գլխավոր ուղերձը մնացել է նույնը՝ խաղաղություն, տնտեսական զարգացում, գյուղացու աշխատանքի արժևորում և մարդկանց համար իրական հնարավորությունների ստեղծում։ Ծառուկյանը շեշտել է, որ ժողովրդի խնդիրները հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ «ճիշտ մարդիկ լինեն ճիշտ տեղերում», իսկ պետության նպատակն էլ պետք է լինի ոչ թե մարդկանցից միայն հարկեր հավաքելը, այլ նրանց աշխատելու, ստեղծելու և արժանապատիվ ապրելու հնարավորություն տալը։

Լրահոս