Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Դուբայում գտնվող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի պահեստին, որը, իրանցի պաշտոնյաների պնդմամբ, կապված է եղել Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։
Իրանական կողմի տվյալներով՝ նշված օբյեկտը օգտագործվել է ԱՄՆ բանակին աջակցելու նպատակով և դարձել է ԿՍՀՊԿ օդատիեզերական և ծովային ուժերի համատեղ գործողության թիրախ։ Հաղորդվում է, որ պահեստում գտնվել է 21 Ուկրաինայի քաղաքացի, իսկ հարվածի արդյունքում օբյեկտը ամբողջությամբ ոչնչացվել է։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր նաև Դուբայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ապաստարաններին հասցված հարվածների մասին՝ նշելով, որ գործողություններն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով։





