ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այց է կատարել Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն՝ համակարգում կարևորելով կառավարման և վերլուծական կարողությունների զարգացումը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Այցի ընթացքում Կոմիտեի ղեկավարը ծանոթացել է վարչության կողմից իրականացվող ոլորտային վերլուծություններին։ Մեկ ոլորտի օրինակով ներկայացվել է ամբողջ գործընթացը՝ սկսած պլանավորումից և տվյալների հավաքագրումից մինչև վերլուծության ավարտն ու արդյունքների կիրառումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև այն հանգամանքին, որ վերլուծությունները հիմնված են ժամանակակից թվային գործիքների, մեծածավալ տվյալների մշակման և նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ բացահայտել ռիսկային ոլորտներն ու վարքագծերը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռիսկերի կառավարման մեխանիզմների կատարելագործմանը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված քայլերին, ինչպես նաև վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը։ Նշվել է, որ նման վերլուծությունները կարևոր դեր ունեն կանխարգելիչ քաղաքականության իրականացման գործում՝ հնարավորություն տալով նախապես արձագանքել հնարավոր խախտումներին։
Էդուարդ Հակոբյանն ընդգծել է հարկ վճարողների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ այն դիտարկելով որպես համակարգի արդյունավետության առանցքային հիմք։ Նրա խոսքով՝ թափանցիկության բարձրացումն ու թվայնացման գործընթացների շարունակական զարգացումը նպաստում են վստահության միջավայրի ձևավորմանը և կամավոր հարկային պարտավորությունների կատարման մակարդակի բարձրացմանը։ ՊԵԿ նախագահը նաև առաջարկել է վերլուծական աշխատանքներում առավել ընդլայնել արհեստական բանականության (AI) գործիքների կիրառումը՝ նպատակ ունենալով ավելի քիչ ռեսուրսներով հասնել առավել թիրախային և արդյունավետ արդյունքների։





