ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։
Ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։
Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձին շրջայց։
Համատեղ ցուցադրությանը ներկայացվել են Մատենադարանում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։
Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում։
Ցուցադրության համադրողն է Իվեթ Թաջարյանը։ Այն կգործի մինչև 2026 թ․ հունիսի 21-ը։





