Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին տարբեր շահառուների և շահագրգիռ կողմերի մասնակցության խթանմանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել ինչպես Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացման, այնպես էլ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ. «Շատ խորհրդանշական է, որ հենց այս օրը ներկա ենք գրասենյակի վերաբացմանը։ Մայրությունն ինքնին նոր կյանքի սկիզբ է, և հույս ունեմ, որ այս խորհրդանշական օրը՝ իր դրական լիցքով, կդառնա համագործակցության նոր սկիզբ այն կառույցների համար, որոնք արդեն երկար ժամանակ ներգրավված են ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերում։ Հուսով եմ, որ այս նոր սկիզբը կնպաստի արդեն ձևավորված համայնքի զարգացմանը և ընդլայնմանը»։
Նախարարը կարևորել է Էրազմուս+ գրասենյակի և ծրագրերի դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում։ Նա ընդգծել է նաև աշխատանքային միջավայրի և համագործակցության մշակույթի ձևավորման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Ժաննա Անդրեայսանի խոսքով՝ գրասենյակի գործունեությունն այսուհետ ընդգրկելու է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլև միջին մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտները՝ նշելով, որ սպորտի ոլորտի ուղղությամբ արդեն իսկ գործում է 3 ծրագիր:
«Ամենակարևոր հանձնառություններից մեկը համագործակցության շրջանակի ընդյալնումն ու նոր ուղղությունների ներգրավումն է։ Գրասենյակը տեղակայվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շենքում, որը պատասխանատու է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի համակարգման համար, ինչը հնարավորություն կտա ապահովել սիներգիա և ձևավորել համագործակցության շարունակական շղթա։ Այս մոտեցումը կարևոր է հատկապես երիտասարդների համար, քանի որ կրթական տարբեր ծրագրերում ներգրավվելուց հետո նրանք հնարավորություն կունենան շարունակել գիտական կարիերան»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նոր գրասենյակի աշխատակազմի ձևավորմանը՝ ընդգծելով, որ աշխատակիցներն ընտրվել են մրցակցային ընթացակարգերով, իսկ գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կարևոր չափանիշներ են, որոնք պետք է պահպանվեն նաև հետագայում։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցությունը՝ մասնավորապես շեշտելով զուգահեռաբար զարգացող համագործակցությունը «Հորիզոն Եվրոպա» և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակում․ «Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը գնալով խորանում է․ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է երկկողմ կապերը խորացնելու և որակական նոր նպատակների հասնելու հանձնառության մասին։ Շահառու տարբեր կառույցների, խմբերի և մարդկանց ներգրավմամբ իրականացվող նման ծրագրերը համագործակցության կարևոր շերտերից են, որոնք նոր բովանդակություն են հաղորդում փոխգործակցությանը՝ այն դարձնելով ավելի կայուն և շարունակական՝ ուղղված հանրային զարգացմանը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհավորել է գրասենյակի վերաբացման առթիվ՝ ընդգծելով դրա կարևորությունը կրթության և մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից։ Նա նաև ողջունել է Հայաստանում Էրազմուս+ի համայնքին՝ ընդգծելով նրանց առանցքային դերը․ «Նրանք իրական կամուրջ են Եվրոպական միության ակադեմիական հաստատությունների, մարդկային կապիտալում ներդրումներ իրականացնող եվրոպական կառույցների և հայկական հաստատությունների միջև։ Մարդկային կապիտալը լավագույն ներդրումն է, որն ունենք, և հենց դա է որոշում երկրի մրցունակությունն ու ապագան»,- նշել է նա։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է Էրազմուս+ ազգային նոր գրասենյակի մեկնարկային միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համակարգային բարեփոխումների գործընթացին զուգահեռ, և այդ բարեփոխումների առանցքային ուղենիշներից է Եվրոպական բարձրագույն կրթության և եվրոպական հետազոտական տարածքներին ՀՀ համապատասխան ոլորտների ինտեգրումը։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ նոր գրասենյակի կարևորագույն առաքելություններից է լինելու ապահովել մասնակցության թափանցիկության և ներառականության բարելավումը` հնարավորինս ընդլայնելով շահառուների շրջանակը:
Միջոցառման ընթացքում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացրել է «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը, ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ վիճակագրությունը և գրասենյակի կողմից նախատեսվող առաջիկա միջոցառումները։ Ներկայացվել է նաև Էրազմուս+ ազգային գրասենյակի պաշտոնական նոր կայքը։
Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի 2021-2027 թվականների թիրախային ուղղություններն են սոցիալական ներառականությունը, կանաչ ու թվային փոխակերպումները և երիտասարդների մասնակցության խթանումը ժողովրդավարական գործընթացներում: Էրազմուս+ ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու միջազգային համագործակցությունը գործընկեր երկրների կազմակերպությունների հետ փոխգործակցության միջոցով:




