Օրինապահ հարկ վճարողները կստանան անժամկետ հավաստագիր, ստուգումները կնվազեն․ ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը:

Նրա խոսքով՝ օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ:

Նախ՝ առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը:

«Մյուսը՝ մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ»,- հայտնեց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս նախագծի քննարկումն այսօր խորհրդանշական է, քանի որ 2021 թվականին այս փաթեթով Հարկ վճարողի օրն է սահմանվել՝ ապրիլի 19-ը, որ վաղն է:

«Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել բոլոր հարկ վճարողներին գալիք տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց՝ հարկերը շատ պատշաճ ու կարգապահ ձևով վճարելու և միասին  բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի հոգնի անընդհատ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնել:

«Շատ խորհրդանշական է, որ տվյալ դեպքում Հարկ վճարողի օրը նաև Քաղաքացու օրվան նախորդում է մի շաբաթով, և էստեղ կա կոնկրետ իմաստ, որովհետև, ըստ էության, ՀՀ բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող: Այնպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ: Ես էլի ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ անկախ նրանից, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, չկա էնպիսի քաղաքացի, որ գնում չի իրականացնում, և եթե քաղաքացին խանութից ձեռք է բերում այս բաժակը, եթե այս բաժակը 100 դրամ արժի, այդ 100 դրամի մեջ 20 տոկոսը ԱԱՀ-ն է, և երբ քաղաքացին 20 դրամ վճարում է ավելացված արժեքի համար, ինքը որ ուզենա էլ, չի կարող այդ հարկը չվճարել: Նկատի ունեմ՝ ձեռք բերող քաղաքացին, իսկ  ահա վաճառող քաղաքացին կարող է որոշակի դեպքերում, եթե ուշադիր չլինի և ՀԴՄ կտրոն չվերցնի, կարող է ստանալ որոշակի հնարավորություն՝ հարկ վճարելուց խուսափելու:

Խնդիրն այն է՝ այդ հարկը կգա՞ կհասնի այն հասցեով, որ հասցեի համար նախատեսված է, իսկ հասցեն ՀՀ պետական բյուջեն է, իսկ ՀՀ պետական բյուջեն ՀՀ-ում առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ հարկը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է:

«Ուզում եմ ընդգծել իմ համոզմունքը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետբյուջեն և նաև համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունն ապահովելու համար, հետևաբար հարկերը դեմոնիցազնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Տեսանյութեր