Հրապարակված նոր հետազոտությունը նկարագրում է իմունային համակարգի նախկինում թերագնահատված հատվածը՝ այսպես կոչված «զոմբի» իմունային բջիջների թաքնված պոպուլյացիան, որն ի վիճակի է կարևոր դեր խաղալ խրոնիկական բորբոքման և օրգանիզմում տարիքային փոփոխությունների մեջ։
Խոսքը ֆունկցիոնալ առումով «լռված» բջիջներ են. դրանք այլևս չեն գործում որպես լիարժեք ֆունկցիոնալ իմունային բջիջներ, սակայն օրգանիզմի կողմից չեն էլ ոչնչացվում։ Նման բջիջները կարող են պահպանվել հյուսվածքներում և շարունակել ազդանշանային մոլեկուլներ արտազատել, որոնք պահպանում են բորբոքումը։
Գիտնականները նշում են, որ իմունային համակարգը սովորաբար արդյունավետորեն հեռացնում է նման վնասված կամ «ծերացող» բջիջները։ Սակայն տարիքի հետ այդ մեխանիզմը նվազ արդյունավետ է դառնում, և այդ բջիջներից մի քանիսը սկսում են կուտակվել։ Դա կարող է հանգեցնել խրոնիկական ցածր աստիճանի բորբոքման, որը կապված է մի շարք հիվանդությունների հետ՝ նյութափոխանակության խանգարումներից մինչև նեյրոդեգեներատիվ գործընթացներ։
Նոր հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել, որ այդ «զոմբի» բջիջներն ի վիճակի են յուրահատուկ թաքնված պոպուլյացիա ձևավորել իմունային համակարգի ներսում՝ ազդելով դրա վարքագծի և ընդհանուր ռեակտիվության վրա։ Դրանք սոսկ «անօգուտ» չեն, այլ պոտենցիալ ակտիվորեն խանգարում են իմունային պատասխանների կարգավորմանը՝ ուժեղացնելով կամ աղավաղելով բորբոքային ազդանշանները։
Առանձնապես ուշագրավ է, որ նման բջիջները կարող են կապված լինել իմունային համակարգի պաշտպանիչ և կարգավորող մեխանիզմների միջև անհավասարակշռության հետ։ Դա նշանակում է, որ այդ բջիջները կարող են ազդել ոչ միայն բորբոքման զարգացման, այլև օրգանզիմի՝ սպառնալիքի վերացումից հետո այն պատշաճ կերպով «մարելու» ունակության վրա։
Հետազոտողներն ընդգծում են, որ վերոնշյալ բջիջների դերի ըմբռնումը կարող է նոր ուղիներ բացել տարիքային և բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Մասնավորապես, հնարավոր է մշակել մոտեցումներ, որոնք ուղղված են դրանց վերացմանը կամ «վերածրագրավորմանը»՝ խրոնիկական բորբոքումը նվազեցնելու նպատակով։



