ԱԺ-ն քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատրյանի թեկնածության հարցը

Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողվի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատրյանի թեկնածության հարցը: Նրան թեկնածությունն այս պաշտոնի համար առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Դավիթ Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին Երևանում: 1999-2003-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման, ֆինանսական, բանկային համակարգի և կոորպորատիվ զարգացման ոլորտներում:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ունի լեյտենանտի կոչում: 2006-2016 թթ. աշխատել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2017-2018-ին զբաղեցրել է SoftConstruct ընկերության կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը: 2019-2020 թթ. զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Իմ տուն» ՓԲԸ տնօրենը: 2018-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2020-2026 թթ. զբաղեցրել է ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնավարմանը զուգընթաց եղել է «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի» և «Նորք տեխնոլոգիական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Մասնակցել է պետական թվայնացման ռազմավարական նախաձեռնությունների ձևավորմանը և համակարգմանը: 2024-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալով՝ կենսաթոշակային ոլորտում ունեցած ավանդի համար: 2026-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի «Արհեսական բանականությունը և թվային փոխակերպումը կառավարությունում» կուրսը:

Իր ելույթի ժամանակ Դավիթ Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը և Կառավարությունը՝ ի դեմս ոլորտային նախարարության, կարևոր դեր ունեն՝ ձևավորելու մոտեցումներ, մշակելու քաղաքականություններ և ուղեցույցներ պետական համակարգում արհեստական բանականությունը պատասխանատու կերպով կիրառելու համար:

«Մենք չենք կարող կանգնեցնել տեխնոլոգիական զարգացումը, բայց կարող ենք և պարտավոր ենք սահմանել խաղի այն կանոնները, որոնց շրջանակում այդ զարգացումը կծառայի մարդուն, իրավունքներին և հանրային վստահությանը:

ՀՀ-ում պետական կառավարման թվայնացման տեմպերը վերջին տարիներին էապես աճել են, բայց դրանց զուգահեռ չեն ձևավորել համարժեք կարգավորիչ, վերահսկողական և ռիսկերի կառավարման բավարար մեխանիզմներ: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ թվային լուծումների արագ ներդրումն առաջ է անցել դրանց անվտանգության, կայունության և պատասխանատվության ինստիտուցիոնալ ապահովումից»,- ասաց նա:

Թեկնածուն նաև նեկայացրեց ոլորտային խնդիրները և դրանց վերաբերյալ իր պատկերացումները, ապա եզրակացրեց. «Եթե ցանկանում ենք ունենալ ժամանակակից և մրցունակ պետություն, պետք է ունենանք անվտանգ և վստահելի թվային միջավայր: Եթե ցանկանում ենք ունենալ արդյունավետ կառավարում, պետք է ունենանք հաշվետու և պաշտպանված համակարգեր: Եթե ցանկանում ենք ունենալ քաղաքացիների վստահություն, պետք է ապահովեք արդար և պատասխանատու թվային լուծումներ, և հանձնաժողովի ստեղծումը կարևոր քայլ է այս ուղղությամբ»:

Լրահոս

Տեսանյութեր