Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ճնշումն ուժեղացնելու փորձ է, այլ ոչ թե դիվանագիտական գործընթացի ավարտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հորմուզի նեղուցը կամ այսպես կոչված շրջափակումը չի նշանակում այս դիվանագիտական գործընթացի ավարտ։ Մենք դա մեկնաբանում ենք որպես ճնշումը մեծացնելու փորձ»,- ասել է Կորնելիուսը։
«Ես հղում եմ անում CENTCOM-ի հաղորդագրությանը, որում խոսվում է ոչ թե Հորմուզի նեղուցի շրջափակման, այլ իրանական նավահանգիստների շրջափակման մասին։ Սա այլ մոտեցում է»,- նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը նպատակ ունի հասնել կայուն խաղաղության դիվանագիտական ճանապարհով։
«Դիվանագիտական լուծումը միակ միջոցն է՝ հասնելու լարվածության թուլացմանը և այս հակամարտության ավարտին։ Կա անհրաժեշտություն համաձայնության հասնել երեք ասպեկտների շուրջ։ Առաջինը Հորմուզի նեղուցի հարցն է։ Երկրորդը՝ իրանական միջուկային և հրթիռային ծրագրերը։ Երրորդը՝ Իրանի կողմից տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելը։ Այս հարցերի շուրջ պետք է բանակցություններ վարվեն»,- պնդել է Կորնելիուսը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն այնուհետև հայտնել է, որ իր ուժերը ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։ Այն կգործի բոլոր այն երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ կամ առափնյա տարածքներ, կամ դուրս են գալիս այնտեղից։




