Անցկացվում է կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Անցկացվում է հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-12-ը Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի է ունենում հերթական երկկողմ հանդիպումը։ Այս նախաձեռնությունը շարունակում է նպաստել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանն ու ուղիղ շփումների հաստատմանը։
Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանազատված և սահմանագծված հատվածով, ինչպես նաև անցնելով սահմանային և անձնագրային հսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում, որը հաստատվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։
Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեությունն իրենց երկրներում և գրանցված արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի քննարկումը։ Քննարկումների առանձին նիստեր կնվիրվեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։




