Իսրայելը մտադիր չէ դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, սակայն կսահմանափակի դրանց մասշտաբները՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal պարբերականին։
Պարբերականը նշում է, որ մինչ այժմ Թրամփը Իսրայելից չէր խնդրել կրճատել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ արշավի ծավալները։ Այնուամենայնիվ, ամերիկյան վարչակազմը մտավախություն ունի, որ այդ հարձակումները կարող են խոչընդոտել Իրանի հետ բանակցություններին և Հորմուզի նեղուցը բացելու ջանքերին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ կարգադրել է սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ հնարավոր ամենասեղմ ժամկետներում։
Ինչպես նշում է պարբերականը, բանակցությունները պետք է կայանան հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։ Երկու կողմերն էլ ներկայացված կլինեն ԱՄՆ-ում իրենց դեսպանների մակարդակով։
Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի հետ բանակցություններ վարել ամերիկյան կողմի ճնշման պատճառով։




