Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան:
Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ այս պահին միայն մեկ չափահաս հիվանդ է մնում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Բուժհաստատությունից տեղեկացրեցին, Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը հիվանդանոց ընդունվել էին արդեն մահացած։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան ավելի վաղ, իսկ երկուսն ավելի ուշ։
Նույն ժամանակահատվածում Գյումրու բժշկական կենտրոն ընդունվել են նաև երեք չափահաս քաղաքացիներ։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նրա տեղափոխումն այս պահին կազմակերպվում է սանավիացիայի միջոցով: Երրորդ չափահաս տուժածի վիճակն էլ գնահատվում է ծանր, նա բուժում է ստանում Գյումրու բժշկական կենտրոնում։
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ։




