Իրանը միջոցներ է ձեռնարկում պաշտպանnւնակության ամրապնդման ուղղությամբ. Փեզեշքիան

Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, իրանական ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման կազմակերպման և սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին և մտադիր է նաև այսուհետ ամեն կերպ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, իրանական բանակի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման, սպառազինությունների և օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը», — Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով հրաժարվել է մայիսի 19-ին Իրանին հասցվելիք ԱՄՆ-ի նոր հարվածից։

Այդ երկրները հնարավոր են համարում Թեհրանի հետ համաձայնությունների ձեռքբերումը, որոնք նախատեսում են վերջինիս հրաժարումը միջուկային զենքից։

Իր հերթին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հավաստիացրել է, որ Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և լի է վճռականությամբ՝ հակառակորդին «նոր անակնկալներ» մատուցելու համար։

Իր կողմից, իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան մայիսի 19-ին խոստացել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների կրկնության դեպքում Իրանը նրանց դեմ նոր ճակատներ կբացի և կդիմի պայքարի նոր մեթոդների։

Լրահոս