Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 6 հասցեի բնակիչները դժգոհում են շենքի դիմացի տարածքում ստեղծված իրավիճակից։ Նրանց խոսքով՝ կուտակված աղբը դարձել է լուրջ խնդիր, քանի որ տարածքում աղբամաններ տեղադրված չեն, ինչի հետևանքով հաճախ առաջանում է հակասանիտարական վիճակ։
Բնակիչները նշում են, որ բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին և ակնկալում են, որ քաղաքային իշխանությունները կարձագանքեն իրենց դիմումներին։ Նրանք նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ շենքի դիմացի հատվածում բացակայում են նստարանները, ինչն անհարմարություններ է ստեղծում հատկապես տարեցների և քաղաքացիների համար։
«Ցանկանում ենք, որ շենքի դիմացի տարածքը լինի մաքուր և բարեկարգ։ Առնվազն անհրաժեշտ է տեղադրել աղբամաններ և մի քանի նստարան, որպեսզի բնակիչներն ու անցորդները կարողանան օգտվել տարածքից»,- նշում են բնակիչները։
Պարոնյան 6 հասցեի բնակիչները հույս ունեն, որ պատասխանատու կառույցները կարձագանքեն բարձրացված խնդիրներին և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն տարածքի բարեկարգման ուղղությամբ։


