Եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում, կարող եմ գրել ստորագրել, որ այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատ ցեմենտ» գործարանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը՝ նշելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և եթե օրենքը թույլ է տալիս, կարող են ցանկացած որոշում կայացնել։

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի՝ կարող են, թող վերցնեն։ 25 տարի գնել ենք, կազմակերպել ենք, աշխատողներին պահել ենք, գինը էժանացրել ենք։ Ամսական միայն 500 միլիոն դրամ հարկ ենք վճարում»,- ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել ներդրումային միջավայրի վրա։

«Տվյալ հայտարարությունը, եթե երկրի ղեկավարն անում է, կարող եմ գրել-ստորագրել, որ այդ երկրում որևէ ներդրող կամ գործարար գումար չի դնի։ Եթե մարդը արդարացի աշխատում է, պետք է ձեռքից խլե՞լ, ձերբակալե՞լ»,- նշել է նա։

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ նյութական արժեքներից վեր է դասում հայրենիքը։

«Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահը։

Լրահոս