ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական Միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու պահանջներ են պետք: Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել, այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը: Նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին դեպի եվրոպական շուկա, և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։
Եվրոպական Միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների, կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների, Եվրոպական Միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։
Համաձայն Եվրոպական Միության օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից, մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք ՍԱՏՄ-ն։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ»,- նշել է Պապոյանը:
Պապոյանն ընդծեց՝ ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը. «Այսինքն այն ստանդարտները, որոնք բարձր դրված են և համապատասխանում են Եվրոպական Միության պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն դրել է»,- ասել է նա:


