Մեկ ամիս կարող ենք ապրել Կառավարության դիմաց, վրաններ կբերենք, ձուկ էլ կբերենք «ֆուռերով», կլցնենք այստեղ. ձկնաբույծ

Երրորդ ամիսն է՝ մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև ենք կանգնած ու միայն խոսքեր ենք լսում: Գալիս են, ձգում են, մեկ շաբաթ անցնում է, հենց տեսնում են՝ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, ասում են՝ մի հատ հանդիպենք, խոսենք, էլի խոսում ենք, էլի մեկ շաբաթ ձգում են: Այս մասին Կառավարության դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասել է ձկնաբույծներից մեկը:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում, որովհետև չեն կարող երեք ամիս, ամեն օր ասեն վաղը։ Ես այդպիսի բան չեմ տեսել իմ կյանքում, որ որևիցե մի պետությունում չիմանան՝ ինչ են անում, գոնե կգան, կասեն՝ տղաներ երեք ամիս է, մի բան արեք, չենք կարողանում, բայց երեք ամսից խոսք ենք տալիս՝ որևէ բան կփոխվի:

Այս մարդիկ ո՛չ մեկ շաբաթից գիտեն՝ ինչ է լինելու, ո՛չ մեկ տարուց: Ինձ մոտ տպավորությունն այդպիսին է»,- նշել է նա:

Հարցին՝ օրական վնասը հաշվե՞լ են, որքա՞ն է, ձկնաբույծը պատասխանել է.

«Շատ մեծ, ժողովուրդ ջան, դրա համար լուրջ հաշվապահություն է պետք, մեր Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող հաշվել, դա մենք պետք է հաշվենք»:

Նա ասել է, որ լավատես են, կարծում են՝ լեզու կգտնեն:

«Մենք մեկ ամիս էլ կարող ենք այստեղ ապրել, վրաններ էլ կբերենք, ո՞նց է ամբողջ աշխարհում, Եվրոպա ենք չէ՞ գնում: Ժիլետներ էլ կբերենք, ինչ պետք է՝ կբերենք, հավաստիացնում եմ: Ձուկ էլ կբերենք ֆուռերով, կլցնենք այստեղ, ինչ պետք է՝ ամիսներով կանենք, հաստատ»,- հավելել է նա:

 

Լրահոս