Աֆրիկայում Էբոլայի բռնկումից զոհվածների թիվը գերազանցել է 1000-ը

Աֆրիկայում Էբոլա տենդի շարունակվող բռնկման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1000-ը՝ ըստ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ուգանդայի առողջապահական մարմինների հրապարակած վերջին տվյալների:

Չորեքշաբթի հրապարակված վերջին համաճարակաբանական զեկույցում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 20-ի դրությամբ երկրում գրանցվել է Էբոլայի 2473 հաստատված դեպք, դրանց թվում՝ 999 մահվան ելքով:

Ուգանդայում հաստատվել է հիվանդացության 20 դեպք, ներառյալ՝ երկու մահ, ինչի հետևանքով երկու երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1001-ի:
Բունդիբուգիո վիրուսով հարուցված բռնկումը պաշտոնապես հայտարարվել էր մայիսի 15-ին ԿԴՀ արևելյան Իտուրի նահանգում, ինչից հետո տարածվել է Հյուսիսային Կիվու, Հարավային Կիվու, Վերին Ուելե և Չոպո նահանգներում:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հուլիսի 20-ի դրությամբ 737 բուժառու գտնվում էր մեկուսացման մեջ կամ բուժում էր ստանում հիվանդանոցներում, իսկ 482 մարդ ապաքինվել էր:
Ելույթ ունենալով հուլիսի 16-ին Ժնևում անցկացված մամուլի ասուլիսում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ներկայիս բռնկումը դարձել է Էբոլայի՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում մասշտաբով երրորդ բռնկումը և վերջին ամսում տարածվել է ավելի արագ, քան այս հիվանդության ցանկացած նախորդ համաճարակ:
Սա արդեն Էբոլայի 17-րդ բռնկումն է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 1976 թվականին երկրում վիրուսի առաջին հայտնաբերումից ի վեր:
Թեդրոսը միաժամանակ հայտնել է, որ հուլիսի 16-ին հիվանդանոցից դուրս է գրվել Ուգանդայում հաստատված Էբոլայով վերջին բուժառուն: Այդ պահից սկսվել է պարտադիր 42-օրյա հետհաշվարկը, որի ավարտից հետո երկիրը կկարողանա պաշտոնապես հայտարարել բռնկման ավարտի մասին, եթե հիվանդացության նոր դեպքեր չհայտնաբերվեն:
Ելույթ ունենալով երեքշաբթի Գանայի Ակրա քաղաքում առողջապահության հարցերով Աֆրիկյան միության գագաթնաժողովում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների (Africa CDC) գլխավոր տնօրեն Ժան Կասեյան զգուշացրել է, որ օպերատիվ միջոցների բացակայության դեպքում ներկայիս բռնկումը կարող է դառնալ պատմության մեջ Էբոլայի ամենածանր համաճարակներից մեկը:
Կասեյան կոչ է արել ուժեղացնել քաղաքական աջակցությունը, ապահովել առողջապահության կայուն ֆինանսավորումը և զարգացնել հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման՝ աֆրիկյան երկրների կողմից ղեկավարվող համակարգերը: Նա նշել է նաև, որ Էբոլայի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորման կարիքները կտրուկ աճել են՝ հունիսին ենթադրվող 518 միլիոն ԱՄՆ դոլարից հասնելով 1,4 միլիարդ դոլարի, ինչն արտացոլում է իրավիճակի արագընթաց վատթարացումը:

Լրահոս