Իսպանիայում նախատեսված է համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով: Գործադուլը կտևի 24 ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օրվա ընթացքում թագավորության տարբեր քաղաքներում նախատեսված են ցույցեր: Գործադուլին աջակցել են երկու խոշոր արհմիութենական միավորումներ՝ Աշխատավորական հանձնաժողովների արհմիութենական կոնֆեդերացիան (CC OO) և Աշխատավորների համընդհանուր միությունը (UGT): Գործադուլ անցկացնելու մտադրության մասին հայտարարվել էր հոկտեմբերին՝ Իսպանիայում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ակցիաների ֆոնին: Գործադուլն անցկացվում է նոյեմբերի 29-ին նախատեսված արտահերթ համընդհանուր ընտրություններից ընդամենը երկուսուկես շաբաթ առաջ:
«Աշխատավարձերն այլևս չեն հերիքում, բնակարանի հասանելիությունը վերածվել է արգելքների հաղթահարման վազքուղու, իսկ գնողունակությունը շարունակում է կլանել մեր եկամուտների ավելի ու ավելի մեծ մասը: Այն նույն ժամանակ, երբ բազմաթիվ ընկերություններ ավելացնում են շահույթը, չափազանց շատ աշխատողներ նախկինի պես ստանում են անբավարար աշխատավարձ»,- նշել են CC OO-ում:
Արհմիության վարկածով՝ բնակարանային հարցը դառնում է անհավասարության գլխավոր գործոններից մեկը:
«Մենք ցանկանում ենք ավելի լավ աշխատավարձեր, բնակարանային քաղաքականություն, որը կերաշխավորեր յուրաքանչյուրի ապրելու իրավունքը, պետական ծառայությունների ուժեղ համակարգ, արժանապատիվ թոշակներ և աշխատանքային այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հիվանդությունը չէր նշանակի, որ մարդը ստիպված է շարունակել աշխատել»,- ընդգծել են կազմակերպությունում:
UGT-ում հայտարարել են նմանատիպ պահանջների մասին:
«Գները աճում են, բնակարանն անհասանելի է հազարավոր մարդկանց համար, իսկ կորպորատիվ շահույթն աճում է աշխատողների հաշվին»,- նշել է արհմիությունը: Այն հանդես է եկել 2027 թվականին նվազագույն աշխատավարձը առնվազն 7%-ով բարձրացնելու օգտին: Կազմակերպությունը նաև խնդրում է քայլեր ձեռնարկել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների դեմ պայքարելու և արժանապատիվ բնակարանի հասանելիությունն երաշխավորելու ուղղությամբ:


































