Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այցելել է էկոպարեկային ծառայության մարզային վարչություն, ծանոթացել աշխատանքին և խնդիրներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օրերս աշխատանքային այցով եղել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչություն՝ տեղում ծանոթանալու ստորաբաժանման աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին։

Այս մասին հայտնել է նախարարությունը:

Աշխատանքային այցի ընթացքում մարզպետը բարձր է գնահատել վարչության կողմից իրականացվող աշխատանքները բնապահպանական հսկողության, անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և համայնքային մակարդակով բնության պահպանության հարցում փոխգործակցության ուղղությամբ։ Հատուկ ընդգծվել է Էկոպարեկային ծառայության կարևոր դերը տարածաշրջանում բնապահպանական անվտանգության ապահովման, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։

Շնորհակալություն հայտնելով կատարած արդյունավետ աշխատանքի համար՝ մարզպետը մի շարք աշխատակիցների հանձնել է շնորհակալագրեր, բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատասխանատվությունը և ծառայողական նվիրումը։ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ներկայացուցիչներն, իրենց հերթին, նշել են, որ մարզպետարանի և համայնքապետարանների հետ ձևավորված գործընկերային հարաբերություններն ապահովում են համատեղ աշխատանքի բարձր արդյունավետություն։

Այդ փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը կարևոր հիմք են բնապահպանական ծրագրերի կայուն իրականացման և տեղական կառույցների ներգրավվածության ամրապնդման համար։

Այցը ևս մեկ անգամ վկայեց, որ Սյունիքի մարզում պետական կառավարման և բնապահպանական կառույցների համագործակցությունը կառուցողական է, փոխվստահության և պարտավորեցնող վերաբերմունքի վրա հիմնված։ Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր առաքելությունը՝ համատեղ ջանքերով պահպանելով Սյունիքի հարուստ և բազմազան բնությունը։

Լրահոս