ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և գործարար Ջարեդ Քուշների Պակիստան նախատեսված այցի չեղարկումը չի նշանակում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում։Ըստ պորտալի՝ նախագահը հերքել է այն հարցը, թե արդյոք ամերիկացի բանակցողների Իսլամաբադ նախատեսված այցի չեղարկումը նշանակում է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները: «Դա չի նշանակում: Մենք դրա մասին հիմա չենք մտածում», – նշել է նա։Ամերիկացի առաջնորդը նաև գրառում է կատարել Truth Social-ում՝ հաստատելով Ուիթկոֆի և Քուշների Պակիստան նախատեսված այցի չեղարկումը՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ այցը կպահանջեր «չափազանց շատ ժամանակ և ջանք»: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի ղեկավարության ներսում «ներքին պայքար» է ընթանում, և «ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում» երկիրը: «Եթե նրանք ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն», – նշել է նա։Ապրիլի 24-ին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ապրիլի 27-ին Իսլամաբադում տեղի կունենան ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ Վիտկոֆը և Քուշները ապրիլի 25-ին կմեկնեն Իսլամաբադ՝ իրանական կողմից լսելու համար։



