Բանակում, Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյան

Սուտ է, գնդերեցներին չի առաջարկվել Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալ այդ գումարի դիմաց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք գնդերեցներին առաջարկվել է 700,000 դրամ գումարի դիմաց Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալ:

Հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունները, որ կարգալույծներին առաջարկվում է գնալ և 700,000 դրամով գնդերեց աշխատել, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել՝ Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն ու կառարեն իրենց առաքելությունը:

Եթե ՀՀ-ին ու բանակին ծառայելը ինչ-որ մեկը ուրացում է համարում, ապա դա իր անձնական գործն է»:

Անդրադառնալով բանակում հոգևոր ծառայության դադարեցմանը՝ Պապիկյանը նշեց.

«Նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը:

Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է՝ ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը»:

Հարցին, թե ինչով էր խանգարում Մայր Աթոռին ենթարկվելը՝ Պապիկյանը պատասխանեց, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:

Լրահոս