Իսրայելը չի գնա զիջումների Համասի զինաթափման և Գազայի հատվածի ապառազմականացման հարցում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր պարագվայցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք աջակցում ենք Թրամփի Գազայի ծրագրին։ Համասը պետք է զինաթափվի, և Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի։ Այս դրույթները ծրագրի հիմքում են, և այստեղ որևէ փոխզիջում չի կարող լինել»,-հայտարարել է նա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Համասի զինաթափումը և պաղեստինյան անկլավի ապառազմականացումը «անհրաժեշտ են տարածաշրջանի անվտանգության և կայունության համար» և կարևոր են նաև «Գազայի ժողովրդի համար ավելի լավ ապագայի» համար։
Միևնույն ժամանակ, Համասի բարձրաստիճան պաշտոնյա, խմբի քաղաքական բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Խալիդ Մեշալը հայտարարել է, որ շարժումը չի համաձայնի զինաթափմանը և թույլ չի տա արտաքին միջամտություն Գազայի հատվածում։





