Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հիմնական զեկուցող, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն իր ելույթում անդրադարձավ հիմնական շեշտադրումներին ու առանցքային կետերին:
Նրա խոսքով՝ չնայած ծանրաբեռնվածությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն 2025-ին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ իրականացնելու, իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ:
«2025-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթներում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 617-ը կարճվել են:
Ընթացքը լուծված քրեական վարույթներից 124-ը քննվել են 2-7 տարի ժամկետում, իսկ 219-ը՝ մեկ տարի ժամկետում»,- հայտնեց Նահապետյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 2025-ին Հակակոռուպցիոն կոմիտեում 296 վարույթ ավելի է քննվել, քան 2024-ին: 2025-ին, նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 41-ով:
«Այսինքն՝ 2024-ի համեմատությամբ 2025 թվականին քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով: 2025-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք»,- տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:


