Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավելի) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Այս մասին  հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,-ասաց Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Երևանում երեկ վայրէջք էր կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման տեղափոխված քաղաքացիների։

Նշենք, որ ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների պատճառով։

Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու ԱՄԷ-ից Օման հասնելու անվճար հնարավորության մասին։

Լրահոս