Քաթարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը հայտարարել է հեղուկ բնական գազի արտադրության դադարեցման մասին՝ կապված Իրանի օդային հարվածների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս որոշումից անմիջապես հետո եվրոպական բորսայում գազի գինը հատել է 500 դոլարի շեմը։
«Qatar Energy-ն հայտարարում է հեղուկ բնական գազի և հարակից արտադրանքի արտադրության դադարեցման մասին՝ Քաթարի Ռաս Լաֆան և Մեսայիդ արդյունաբերական քաղաքներում իր գործառնական օբյեկտների վրա իրականացված ռազմական հարձակման պատճառով»,- ընկերության հայտարարությունն է մեջբերում քաթարական Ալ-Շարք թերթը:
Qatar Energy-ում ընդգծել են, որ բարձր են գնահատում հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կշարունակեն տրամադրել արդիական տեղեկատվություն՝ ըստ դրա ստացման:
Ավելի վաղ Քաթարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրանական երկու անօդաչու թռչող սարքեր գրոհել են Մեսայիդի էլեկտրակայանի ջրի ամբարը և Ռաս Լաֆանում գտնվող Qatar Energy-ի օբյեկտը:


