Հայաստանն ու Իրանն ավել ծավալով էլեկտրաէներգիա ու գազ փոխադարձաբար իրար տալու և ընդունելու հնարավորություն ունեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Իրանն ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք, բնականաբար, Հայաստանն էլ ունի գազի կարիք, մենք հաջողությամբ իրականացնում ենք գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, ակնհայտ է, որ հնարավորություններն ավելի շատ են ծրագիրը ընդլայնելու համար»,- նշեց Խուդաթյանը։
Նա նշեց, որ իրանական կողմի հետ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր մանրամասները, ներառյալ՝ ժամկետները։
Խուդաթյանը հերքեց պնդումները, թե այս քայլով Հայաստանը ռուսական գազին փոխարինելու այլընտրանքներ է փնտրում։
Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։

