Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ միջպետական տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը՝ դիտարկելով այդ ուղղությունը որպես հիմնական գործոն համաշխարհային տնտեսության մեջ այս կազմակերպության դերի հետագա ամրապնդման գործում։
Այս մասին Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ՝ ազատ առևտրին վերաբերող նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է մրցունակության մեծացմանը՝ բացելով նոր հնարավորություններ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի համար։
«Տնտեսական փոխգործակցության ևս մեկ կարևոր ուղղություն է տրանսպորտային, լոգիստիկ ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է տալ լրացուցիչ ազդակ ապրանքաշրջանառության մեծացմանը։ Այդ համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության խորացման համար։ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական կայունության ամրապնդման տեսանկյունից բոլոր պետությունների համար։ Այդ առթիվ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը՝ կապված այն ապրանքների տարանցման ապաշրջափակման հետ, որոնք ուղարկվում են Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նշանակալի նվաճումներից մեկն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը հավասարազոր և կանխատեսելի պայմանների ապահովման կարևոր գրավականն է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն առաջ գնալ լիարժեքորեն գործող ընդհանուր շուկաների ստեղծման ճանապարհին, որոնք ապահովում են բոլոր շահագրգիռ կողմերի էֆեկտիվ փոխգործակցությունը, շահերի թափանցիկությունն ու հավասարակշռությունը։
«Ըստ այդմ՝ հատուկ իմաստ է ստանում ներքին մատակարարման նախընտրությունների ամրապնդումը ԵԱՏՄ անդամ երկրների միջև՝ երրորդ երկրներ կատարվող արտահանումների և միասնական մոտեցումների ձևավորման համատեքստում։ Գլոբալ պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրիների ագրարային համակարգերի կայունությունը ստանում է հատուկ նշանակություն տնտեսական կայունության ապահովման համար։ Կոնկրետ արդյունքների հասնելու հանգամանքն ուղիղ կերպով կախված է փոխհամաձայնեցված, գործնական միջոցների իրականացումից, որոնք ներառում են համակարգային նորարարությունների, թվային փոխակերպման ներդրումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական, կորպորատիվ նախագծերի ֆինանսական աջակցության էֆեկտիվ մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը»,- հավելեց Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի կիրառման համատեքստում նպատակահարմար է հետագա փուլերում հատուկ ուշադրություն դարձնել փոխհամաձայնեցված թվային լուծումների ներդրմանը՝ ապահովելով տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը, որոնք կիրառվում են ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։ Փաշինյանի համոզմամբ՝ դա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։
«Թվայնացման շրջանակում կարևոր ենք համարում այն նախաձեռնությունների իրականացումը, որոնք ուղղված են թվային փոխակերպման ապահովմանը տարբեր ոլորտներում՝ ներառյալ տրանսպորտային և մաքսային բլոկը։ Կիբեռանվտանգության բնագավառում անհրաժեշտ է գերակա նշանակություն հատկացնել համատեղ մեխանիզմների ստեղծմանը, տեղեկատվության պաշտպանությանը, կրիտիկապես կարևոր ենթակառուցվածքի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև կիբեռսպառնալիքներին արձագանքելու չափանիշների ու մեթոդաբանության կիրարկմանը։ Նման ընդգրկուն մոտեցումը կնպաստի վստահության ամրապնդմանը, թվային միջավայրի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով գործընթացների անվտանգությունն ու էֆեկտիվությունը։ Հայաստանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։




