Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը

Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:

«Ազատությունը» նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել և ի՞նչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիք նկատմամբ: Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է.

«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- պատասխանել է փոխվարչապետը:

Լրահոս