«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը երեկ ասաց, որ կալանքը փոխելու համար իրենք գրավի այնքան գումար են առաջարկել, որի չափը գերազանցել է մեղադրանքի հիմքում դրված հնարավոր փոխհատուցման ենթակա գումարից, սակայն միջնորդությունը մերժվել է։
«Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ հիմնավոր կասկած առկա է լինում: Այս դեպքում ընդհանրապես չունենք, բայց հարկադրված ենք միջնորդում»։ Մեր տեղեկություններով, 1 միլիոն դոլար գրավի առաջարկն էլ է դատարանը մժերել` բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում և ոչ մի այլընտրանք չեն քննարկում։
«Միջնորդել ենք, որ թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, Սամվել Կարապետյանը, իհարկե, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, միջնորդել էինք տնային կալանք, համակցված գրավով բացակայելու արգելք, պատկերացրեք` միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է, որը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ, որ չզսպվի: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրև հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»։





