Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ պետություններին՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։



