Երևանում․ 3 քաղաքացի հոսանքահարվել է նկուղային հարկում աշխատանքների ժամանակ. տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները հետազոտման փուլում են, և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, համայնքային ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Թումանյան փողոցի 5-րդ շենքի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվելու հետևանքով։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Լրահոս