Հակակոռուպցիոն կոմիտեից Euromedia 24TV-ին հաստատեցին, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 07:30-ի սահմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում։ Մեզ հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ ձերբակալվել է ծառայության 4 պաշտոնյա։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում են Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանը, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանը, ինչպես նաև ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։
Ըստ հրապարակումների՝ պաշտոնյաները, նախնական տվյալներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կարող էին ուղղորդել ձկնորսների՝ Սևանա լճում Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս իրականացնելու համար։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Հիշեցնենք, որ Էկոպարեկային ծառայության հիմնական գործառույթներից են պետական անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, օրենսդրության խախտումների հայտնաբերումն ու կանխարգելումը, ինչպես նաև էկոհամակարգերի պաշտպանության ապահովումը։

