Ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում՝ Հայաստանում ստեղծվել է լուրի բովանդակությունը ստուգելու հարթակ

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց «Stugel.am» նոր հարթակը, որը նախատեսված ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանն աջակցելու համար՝ ապահովելով տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի ստուգման հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում Ծառուկյանը նշեց, որ հարթակը ստեղծվել է լայն հասարակության համար։

«Ձեզ հրավիրել ենք նաև ներկայացնելու մեր կողմից պատրաստված գործիքը, որի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- դիմելով լրագրողներին՝ ասաց նա։

Նրա խոսքով՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է ավելի ակտիվ և կանխարգելիչ մոտեցում։

«Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն»,- նշեց Ծառուկյանը։

Նա կարևորեց նաև մեդիագրագիտության դերը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա քաղաքացիական հասարակության հետ։

«Քաղհասարակության ներկայացուցիչները և մեր գործընկերները բավականին ակտիվ են այս հարցում և աջակցում են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գործիքներով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը»,- ասաց նա։

Ծառուկյանը նշեց, որ հարթակի ստեղծումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից։

«Մենք ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-26 թթ․ գործողությունների ծրագիր, որի շրջանակում իրականացրել ենք մի շարք ակտիվություններ, և դրանցից մեկը հենց այս գործիքի ստեղծումն էր՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում քաղաքացիների մոտ ձևավորվել է քննադատական մոտեցում տեղեկատվության նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև գործիք տրամադրել այդ տեղեկատվությունը ստուգելու համար։

Նա ներկայացրեց հարթակի հիմնական գործառույթները՝ նշելով, որ «Stugel.am»-ը ունի երեք հիմնական գործիք։

«Առաջինը՝ տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է, երկրորդը՝ նկարների, և երրորդը՝ տեսանյութերի վերիֆիկացիան»,- ասաց նա։

Ծառուկյանի խոսքով՝ նկարների և տեսանյութերի ստուգումը իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

«Նույն կերպ, ինչպես հնարավոր է ստեղծել գեներացված լուսանկար կամ տեսանյութ, նույն տեխնոլոգիաներով հնարավոր է նաև դրանք ստուգել՝ պարզելու համար արդյոք դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ տեխնոլոգիաները շարունակաբար զարգանում են, և հարթակը պետք է մշտապես թարմացվի։

«Ամեն շաբաթ նոր գեներացման գործիքներ են հայտնվում, և նույն ճանաչողական տեխնոլոգիաները նույնպես պետք է անընդհատ թարմացվեն, որպեսզի կարողանան ճանաչել նոր ձևաչափերով ստեղծված կոնտենտը»,- ասաց Ծառուկյանը։

Կենտրոնի տնօրենը նշեց, որ հարթակը լինելու է բաց և հասանելի բոլորի համար։

«Հարթակը հասանելի է լինելու յուրաքանչյուրի համար և չի ենթադրում որևէ վճար։ Մենք այն ստեղծել ենք էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։ Սա հանրային բարիք է, և որևէ կոմերցիոն նպատակ այստեղ դրված չէ»,- ընդգծեց նա։

Միաժամանակ, նրա խոսքով, որոշ սահմանափակումներ կկիրառվեն՝ չարաշահումներից խուսափելու նպատակով։

 

Լրահոս

Տեսանյութեր