Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Վանդա Շոնդին, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը, որն ապրիլի 12-ի ընտրություններում տարած հաղթանակով վերջ դրեց աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը, հայտարարել էր, որ հունիսից կդադարեցնի վիզաների տրամադրումը Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների աշխատողներին։

Կառավարությունը խստացնելու է հրավիրյալ աշխատողների զբաղվածության հնարավորությունները, քանի որ մտահոգություններ կան, որ նրանք նվազեցնում են տեղական աշխատավարձերը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է մամուլի քարտուղար Վանդա Շոնդին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արդյունաբերությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատուժից։

Կառավարությունը փոփոխության կենթարկի այն որոշումը, որը հնարավորություն էր տալիս աշխատուժի հավաքագրմամբ զբաղվող ընկերություններին պարզեցված ընթացակարգով աշխատողներ ներգրավել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից՝ ուժի մեջ մտնելով ուրբաթ օրվանից։

Արդեն իսկ երկրում գտնվող աշխատակիցները դեռևս կարող են դիմել վիզայի երկարաձգման համար, իսկ արդեն ներկայացված հայտերը կգնահատվեն։

Կառավարությունն այս բարեփոխումներն անվանում է առաջին քայլ՝ պլանավորված երկարաժամկետ լուծման ճանապարհին։

Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից ոմանք հայտարարել են, որ հրավիրյալ աշխատողների ներհոսքի լիակատար դադարեցումը հարված կհասցնի ընկերություններին և ավելի լայն տնտեսությանը։

Լրահոս