Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական շարունակվող ռազմական արշավի հետևանքով ավելի քան 230 երեխա է սպանվել, մոտ 1800-ը՝ վիրավորվել են. հայտնում է Press TV-ն:
Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը ներկայացրել է զոհերի, վիրավորների և առողջապահական ենթակառուցվածքներին հասցված վնասի վերաբերյալ թարմացված վիճակագրությունը՝ պատերազմի 29-րդ օրվա դրությամբ:
Ըստ նախարարության տվյալների, զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Թեհրանի և Հորմոզգանի նահանգներում:
Գերատեսչությունը հավելել է, որ վիրավորների թվում 4163 կին կա:
Զեկույցում նաև նշվում է, որ տուժածների թվում կա մինչև ութ տարեկան 1731 երեխա և մինչև երկու տարեկան 61 երեխա:
Նախարարությունը նաև հայտնել է, որ զոհերի թվում կա 244 կին, մինչև 18 տարեկան 214 երեխա և մինչև հինգ տարեկան 17 երեխա: Հաղորդվում է նաև առողջապահական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասի մասին:
Ըստ նախարարության, հարձակումների հետևանքով վնասվել է շտապօգնության 50 կայան, 41 բժշկական կենտրոն և 199 բուժկետ:
Բացի այդ, տարհանվել է վեց հիվանդանոց, իսկ շտապօգնության 38 մեքենա վնասվել է:
Զեկույցում նաև նշվում է, որ ճգնաժամի հետևանքների վերացման ժամանակ սպանվել է առաջնագծում գտնվող 24 բուժաշխատող:






